Դեղազգոնություն

 

Դեղազգոնությունը վերաբերում է դեղերի անբարենպաստ ազդեցությունների հայտնաբերմանը, գնահատմանը և կանխարգելմանը, ինչպես նաև դեղերով պայմանավորված հնարավոր ցանկացած խնդրին։ Դեղազգոնության վերջնական նպատակը գործնականում ռացիոնալ և անվտանգ դեղաբուժման ապահովումն է:
Դեղազգոնությունն օգտագործում է բազմաթիվ մեթոդներ, այդ թվում՝ ինքնաբուխ տեղեկացումը, դեղին քարտի սխեման, հրատարակված դեպքերի հաշվետվությունները, խմբային (cohort) ուսումնասիրությունները, դեպք-ստուգիչ ուսումնասիրությունները:
Դեղահամաճարակաբանությունն ուսումնասիրում է դեղերի ազդեցությունները և կիրառումը մարդկանց մեծ խմբերի շրջանակում՝ առավել արդյունավետ և անվտանգ դեղերի կիրառումն ապահովելու նպատակով:
Ինքնաբուխ (Spontaneous) տեղեկացումը այն համակարգն է, որը հավաքում է առողջապահության մասնագետների և դեղարտադրողների կողմից ենթադրվող անբարենպաստ ազդեցությունների տվյալները երկրի կենտրոնական տվյալների բազայում։ Դա կատարվում է Դեղին քարտի սխեմայով։ Որոշ երկրներում տեղեկացումը կամավորական բնույթ ունի, իսկ որոշ երկրներում էլ այն օրինական պահանջ է, թեպետ չկան փաստեր, որ պարտադրվածությունը մեծացնում է տեղեկացումների քանակը։
Ազդանշանի հայտնաբերումը (Signal detection) մեկ կամ մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվություն է, որը ենթադրում է դեղի ներգործության և անբարենպաստ երևույթի կամ փոխկապակցված անբարենպաստ երևույթների ամբողջության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և բավարար է ազդանշանի հաստատման հետագա գործողությունների իրականացման համար: Որպես օրինաչափություն՝ ազդանշանի ձևավորման համար պահանջվում է ավելի քան մեկ տեղեկատվություն՝ պայմանավորված անբարենպաստ երևույթի լրջությամբ և տեղեկատվության որակով: Ազդանշանի հրատարակումը սովորաբար ենթադրում է այս կամ այն վերանայման կամ գործողության անհրաժեշտություն:
Պատճառահետևանքային կապի գնահատումը մեծ կարևորություն ունի դեղազգոնության գործընթացում, որով ուսումնասիրվում է, թե արդյոք դե՞ղն է պատասխանատու կասկածելի անբարենպաստ երևույթի համար։
Դեղին քարտի սխեմա
Թալիդոմիդի հայտնի ողբերգությունից հետո 1964 թ․ Միացյալ Թագավորությունում հիմնադրվեց Դեղին քարտի համակարգը, որը գործարկվում է երկրի առողջապահության մասնագետների և դեղարտադրողների կողմից։ Առողջապահության մասնագետները կարող են ներկայացնել կասկածելի անբարենպաստ երևույթների մասին տեղեկությունները՝ օգտագործելով դեղին քարտը կամ դրա առցանց տարբերակը։ Պարտադիր չէ դեղի և երևույթի միջև կապի հաստատումը։ Կասկածը բավարար է տեղեկությունն ընդունելու համար։ Դեղին քարտից ստացված տեղեկությունը  մուտքագրվում  է  տվյալների  բազայում  և  կասկածելի  ռեակցիաները
դասակարգվում են: Երբ տվյալների բազայում հայտնաբերվում է հաստատված ազդանշան, որ կարող է լինել անբարենպաստ ազդեցություն, պահանջվում են հետագա աշխատանքներ՝ վերջինիս պատճառահետևանքային կապը գնահատելու համար։ Այն կարող է ընդգրկել լրացուցիչ հարցման անցկացումը՝ տեղեկությունների մանրամասները պարզաբանելու համար, կապի հաստատումը արտադրողների հետ, մասնագիտական գրականության վերանայումը կամ դեղահամաճարակաբանական ուսումնասիրությունների անցկացումը։
Երբ դեղի նոր անբարենպաստ ազդեցությունը նույնականացվում է, և հաստատվում է վերջինիս պատճառահետևանքային կապը, առողջապահական կարգավորիչ մարմինները կարող են իրականացնել գործողություններ՝ դեղի նկարագրի փոփոխություններ (օրինակ՝ սահմանափակելով դեղաչափը) կամ անգամ կասեցնել դեղի վաճառքի թույլտվությունը։ Այս ամենի համար անհրաժեշտ է, որ համապատասխան տեղեկատվությամբ անմիջապես տեղեկացվեն և դեղը դուրս գրողները, և դեղամատակարարները: Քանի որ նման տեղեկատվությունը հրապարակվում է նաև ԶԼՄ-ում, ուստի հիվանդները հաճախ տեղեկանում են գործող կարգից և կարող են տեղեկատվություն, խորհուրդ խնդրել։
Անմիջապես հիվանդի կողմից տեղեկացված լինելը Միացյալ Թագավորությունում թույլատրվել է 2005-ից, որից հետո շատացել է տեղեկացվածությունների քանակը:

Դեպքերի հրատարակված տեղեկությունները
Առաջին կասկածը ավելի հազվադեպ զարգացող կամ չկանխատեսվող ազդեցոթյունների վերաբերյալ կարող է ի հայտ գալ բուժման գործընթացին մասնակցող մասնագետների կողմից ուղարկված տեղեկացման մեջ։ Դեպքի տեղեկությունը հրատարակելու համար խմբագիրները կարող են պահանջել հետազոտական ավելի մանրամասն չափորոշիչներ՝ դեպքի պատճառահետևանքային կապի առկայությունը դեղի կիրառման հետ կամ նման դեպքերի շարքեր, որը չի պահանջվում ինքնաբուխ տեղեկացման դեպքում։
Խմբային (cohort) ուսումնասիրությունները հեռահայաց դեղահամաճարակաբանական ուսումնասիրություններ են, որոնք ընդգրկում են հիվանդների մեծ խումբ, ովքեր ընդունում են որոշակի դեղ որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսի ուսումնասիրությունները կարող են ցույց տալ հարաբերական այն վտանգները, որոնք պայմանավորված են համապատասխան դեղեր կիրառող մարդկանց մոտ զարգացող անբարենպաստ երևույթներով։
Դեպք-ստուգիչ ուսումնասիրությունները առանձնացված դիտարկման տեսակ է,
երբ անբարենպաստ երևույթի փորձառություն ունեցող հիվանդների խումբը համեմատվում է միանման ուղեկցող խառը գործոններ ունեցող հիվանդների խմբի հետ, որոնք չունեն այդ փորձառությունը։ Համեմատելով տվյալ խմբերի դեղերի կիրառման տարածվածությունը՝ հնարավոր է նույնականացնել՝ արդյոք ավելի շատ մարդիկ, որոնց մոտ դրսևորվել է անբարենպաստ երևույթը, օգտագործե՞լ են այդ նույն դեղը։